Վայոց ձորի տեսարժան վայրեր

Արենի

Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում։ Եղել է Արաքսի հովտից Սևանի ավազան և Ջանգեզուր անցնող բանուկ ճանապարհի հանգուցակետ ու Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռազմական հենակետ։ Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից (Վայոց Ձորի մարզ) արևմուտք, բլրի վրա (պահպանվել են ավերակները)։ Արենի գյուղը նշանավոր է իր խաղողով և դրանից պատրաստվող գինով:

Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին։

Գնդեվանք

Միջնադարյան եկեղեցական համալիրը գտնվում է Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք: Կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։  Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները՝ մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ՝ նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը։Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին։ Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով

Նորավանք

Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա։ Սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակշրջանից հայտնի է Ս.Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն: Համալիրի գլխավոր եկեղեցին Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինն է (1339թ)։ 17-18-րդ դարերում վանքը շրջափակվել էր պարսպով։  Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը։ Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը։

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավը գտնվում է Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:

Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Քարանձավը խորանում է ավելի քան 30մ: Հսկայական սենյակներում ամենուրեք վերևից ու ներքևից ցցված են մեծ քանակությամբ շթաքարեր:

Ջերմուկի մեծ  ջրվեժ /ջրահարսի վարսեր/ 

Ջրվեժը ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը:Շատ հնուց ջրվեժի գլխավերևում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանը ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ:Ամեն օր, կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում… Ջղայնանում է ու անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *