Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *