Համո Սահյան. ՄԵՆՔ ԻՐԱՐ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆՔ

Իրար հետ կանաչում էինք,
Մեր բակի ծառիկը ու ես։
Մենք իրար ճանաչում էինք,
Իրար հետ կարկաչում էինք,
Մեր գետի ալիքը ու ես;
Մենք իրար ճանաչում էինք,
Իրար հետ հառաչում էինք,
Մեր դաշտի ծաղիկը ու ես։
Մենք իրար ճանաչում էինք,
Իրարից ամաչում էինք,
Մեր սարի եղնիկը ու ես։
Մենք իրար ճանաչում էինք
Իրար հետ շառաչում էինք,
Մեր ձորի մրրիկը ու ես…
Մի ուրիշ աշխարհ է աճում,
Գեթ մենք ենք իրար ճանաչում,
Մեր լքված տանիքը ու ես։
Մթնում է, ճրագը վառում
Եվ տխուր իրար ենք նայում՝
Իմ հոգնած տարիքը ու ես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *